2009թ. դեկտեմբերին մի քանի կազմակերպությունների կողմից հիմնադրվեց «Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը», որի նպատակն էր միջազգային և այլ օրենսդրությունների հիմքի վրա բարձրաձայնել ջավախքահայության շրջանում տեղի ունեցող խտրականությունների մասին:
«Միտք» վերլուծական կենտրոնը, որպես հարավկովկասյան տարածաշրջանի բնիկ ժողովուրդների և ազգային փոքրամասնությունների խնդիրներով զբաղվող կազմակերպություն, հարկ համարեց դառնալ նորաստեղծ կազմակերպության հիմնադիր անդամներից մեկը:
Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Միտք» վերլուծական կենտրոնը մշտապես որպես իր գործունեության ուղղություն ունեցել է քաղաքագիտական, այլ ոչ թե քաղաքական գործելակերպը, իսկ Համակարգող Խորհրդին անդամակցում են առավելաբար քաղաքական կազմակերպություններ և Խորհուրդը հանդես է գալիս որպես նույնատիպ կազմակերպություն, նպատակահարմար ենք համարում, սկսած 2010 թ. օգոստոսի 18-ից, դադարեցնել մեր անդամակցությունը «Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհրդում»: Միաժամանակ հայտարարում ենք, որ «Միտք» վերլուծական կենտրոնն այսուհետև ևս իր հետազոտությունների ուշադրության կենտրոնում է պահելու հայկական Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանի հիմնախնդիրները և ջանք ու եռանդ չի խնայելու այդ խնդիրներին լուծումներ գտնելու համար:
«Միտք» վերլուծական կենտրոնի Խորհուրդ
2010 թ. օգոստոսի 18
ք. Երևան